Որոշել էինք շրջագայել հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները ճարտարապետական կոթողները։
Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների հոգնություն պատճառող բնական խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ արձակելով՝ նստում էինք բարձունքների վրա, ակնապիշ նայում հազիվհազ նշմարվող ոլորապտույտ արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կխայտային կրտերը, արջերն էին մթմտում, գնում իրենց որջերը։
Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն, արշավափայլով, աչքի պես վճիտ. տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ «Ծովեր» են անվանել այն։
Պատահում էր՝ երբ գիշերը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակների թափից պոկվում էին քարեր ու գլորվում, և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։





