«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, 4.2 դասարան
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը՝ գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետերը, լճերը, աղբյուրները համարվում են ցամաքային ջրեր: Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն: Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է: Լճերը քաղցրահամ ջրի բնական ամբարներն են: Հայաստանի ամենամեծ լիճը Սևանն է: Այն աշխարհի ամենաքաղցրահամ և ամենաբարձրադիր լճերից է: Սևանա լճից սկիզբ են առնում Հրազդան գետը, իսկ նրա մեջ են թափվում 28 գետ ու գետակներ: Սևանը հռչակված է իր իշխան ձկով: Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է: Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ: Գետերը լինում են լեռնային և հարթավայրային: Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով: Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար: Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ): Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը: Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում: Չորային շրջաններում, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ: Հարցեր և առաջադրանքներ 1. Ի՞նչ է գետը: 2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը: 3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ: 4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջ։